info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo

Տևողությունը` 2 օր,
երկարությունը` 19 կմ,
բարձրության տատանումը` 1400-1100մ.:

Յուրահատուկ և բազմաբովանդ քայլարշավերի սիրահարները կարող են 2 օր շարունակ բացահայտել Որոտանի կիրճի հին բնակավայրերը, որոնք քարանձավային Սյունիքի ամենաակնառու կրողներն են: Այն իր մեջ ընդգրկում է Հարժիս, Խոտ, Շինուհայր գյուղերի հին բնակավայրերը, ուր պահպանվել են վիշապաքարեր, դամբարանադաշտ, գերեզմանատներ` բազմաթիվ ինքնատիպ խաչքարերով և տապաններով, քարանձավային կացարաններ, եկեղեցիներ և բազմաթիվ այլ շինություններ:

Օր 1. Խումբը երևանից մեկնում է դեպի Հարժիս գյուղ:  Մինչ գյուղ մտնելը մասնակիցները այցելում են Հարժիսի 14-րդ դարի քարավանատուն, որից հետո կենտրոնական մասում ձկաձև վիշապաքարը դիտելու հետո սկսվում է քայլարշավը դեպի Որոտանի կիրճում գտնվող հին գյուղատեղի: Այստեղ է գտնվում «ներքին շենի» Սուրբ Մինաս եկեղեցին, բազմաթիվ շինությունների մնացորդներ, գերեզմանատուն՝ բազմաթիվ խաչքարերով և խոյ արձանով:
Ճաշի ընդմիջումից հետո կքայլենք դեպի միջնադարյան (13-րդ դար) կամուրջ, որով անցել է մետաքսի ճանապարհը, կապելով հին Հարժիսը Տաթևին: Ճանապարհին կտեսնենք նաև Որոտան գետի վրա ձևավորված լճակը, դամբարանադաշտ, մեկ այլ եկեղեցի (13-րդ դար), որի կից նախասրահում է գտնվում Ալան թագավորի գերեզմանը` համապատասխան արձանագրությամբ: Երեկոյան խումբը կհասնի Տաթև և կգիշերի հյուրատանը (հնարավոր է նաև գիշերակաց վրաններում):
Օր 2. Տաթևից մասնակիցները Ճոպանուղիով (որը աշխարում ամենաերկարն է) տեղափոխվում են դեպի Հալիձոր գյուղ, որտեղից մեքենայով հասնում հին Շինուհայր տանող ճանապահին:
Հին Շինուհայրի տարածքում է գտնվում կուսանաց անապատը (17-րդ դար), բազմաթիվ շինություններ, Սբ. Ստեփանոս եկեղեցին (17-րդ դար), 3մ բարձրությամբ կոթող-խաչքարը (1261թ.)  գերեզմանատունը և այլն: Այնուհետև կիրճով մասնակիցները քայլում են դեպի հին Խոտ գյուղ: Ճանապարը լի է բազմաթիվ բնական հուշարձաններով, ջրվեժներով և այլն: Խոտի հին գյուղի տարածքում է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող եկեղեցին (5-6-րդ դար) , բազմաթիվ քարանձավային կացարաններ, լքված և կիսախոնարհ շինություններ, հին գյուղի եկեղեցին, գերեզմանատունը միջնադարյան խաչքարերով, դամբարանադաշտ և այլն: Գյուղատեղին ինքնին անվերջ հետաքրքիր և բացահայտումներով լի տարածք է:
Քայլարշավի երկարությունը` 7 կմ, 4-5 ժամ:

Ընդհանուր առմամբ երեք գյուղատեղիներն էլ առանձնանում են իրենց հրաշագեղ բնությամբ, դիրքով, պատմամշակութային արժեքով: Դրանք պատմական Սյունիքի մշակույթի, ապրելակերպի, կյանքի, դժվարությունների կրողն են, որոնք ունեն դեռ բազում տարիների բացահայտման անհրաժեշտություն: