info@arevi.am, arevitour@gmail.com
+374 (93) 306-556
Arevi logo
Մասիսներն Արարատյան դաշտի հարավում երկնասլաց, մեկուսի լեռնազանգված են՝ կոնաձև զույգ գագաթներով: Նրանցից մեծը՝ մայր լեռը, կոչվում է Մասիս, Ավագ Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս: Մասիսները կոչվում են նաև Արարատ: Աստվածաշնչյան ավանդությամբ՝ Արարատը ներկայանում է որպես Համաշխարհային ջրհեղեղից փրկված Նոյ Նահապետի հանգրվանը, նոր մարդկության օրրանը: «Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ» (Ծննդոց 8.4): Այդ պատճառով էլ Մասիսն անվանում են նաև Նոյյան լեռ, Նոյյան տապանի լեռ, Փրկիչ լեռ, Սրբազան լեռ: Ընդհանուր լեռնազանգվածը տեղադրված է մոտ 130 կմ շրջագծով և 1200 կմ2տարածքով ընդհանուր հիմքի վրա: Սեգ գագաթները, որոնց միջև հեռավորությունը 10 կմ է, իրարից թամբաձև բաժանվում են անահտական լեռնանցքով (բարձրությունը՝ 2727 մ) և կազմում են ներդաշնակ միասնություն: Իսկ Արարատյան դաշտը և շրջակա լեռնապարերը կազմում են այդ կերտվածքի բնական շրջանակը: 
Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի բարձրությունը 5165 մ է, Սիսինը՝ 3925 մ: Մասիսի ժայռոտ գագաթը, որն զբաղեցնում է 12 կմ2 տարածություն, ծածկված է հավերժական ձյունով, որից սնվում է մոտ 30 սառցադաշտ և դրանցից ամենամեծը կոչվում է սբ. Հակոբի անվամբ: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով:  

Սիսը գտնվում է Մասիսի հարավ-արևելքում, գագաթնային մասը ժայռոտ է ու քարքարոտ, լանջերը զառիթափ են ու մասնատված: 13-րդ դարի արաբ պատմիչ Արա Յակար Համավին ներկայացրել է Սիս լեռան գագաթի գերեզմանները, դրանից մի քանի տարի անց մագլցել և ուսումնասիրել դրանք: Գագաթային հատվածի ընդհանուր տարածքը զննելիս կարելի է նկատել նաև քարերի յուրահտուկ կույտեր: Ենթադրվում է, որ տեղանքում եղել է արևի Ար աստծո տաճար: 

Արարատը գտնվում է Հայկական լեռնաշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանում և զերծ չի մնացել բնական աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջին գոյացած խորխորատը, որ հայտնի է Մասյաց վիհ անունով, մոտ 10 կմ երկարությամբ ձգվում է գագաթից մինչև ստորոտ, և մերձգագաթնային մասում ունի ավելի քան 1000 մ խորություն: Մասյաց վիհի առաջացումը պատմահայր Մովսես Խորենացին կապում է 139 թ-ի ահեղ երկրաշարժի հետ: Երկրաշարժերն այստեղ կրկնվել են նաև 1319, 1679, 1840, 1887 թթ-ին: Դրանցից ամենաաղետալին դա 1840 թ-ի Ակոռիի երկրաժարժն էր, որի արդյունքում վիհի վերին մասից պոկված մի հսկա լեռնազանգված ամբողջովին ավերեց և ծածկեց պատմական Ակոռի գյուղը և սբ. Հակոբ եկեղեցին: Երկրաժարժից կենդանի է մնում միայն մեկ հովիվ, որն այդ ժամանակ կենդանիներին էր արածեցնում լեռան ստորոտին: Փրկվելուց հետո նա մեկնում է Էջմիածին և դառնում հոգևորական: Այժմ գյուղից պահպանվել է միայն գերեզմանատունը իր 107 խաչքարերով և տապաններով, ինչպես նաև վիհի մեջ կարելի է գտնել ժայռափոր խաչեր`պահպանված միջին դարերից:       Ցավոք սբ. Հակոբի վանքից այժմ ոչինչ պահպանված չէ:
Իր երկնաքեր բարձրությամբ, գեղաշուք տեսքով, երկրաշարժերով, սառցասահքերով, սարսափազդու դղրդյուններով Մասիսը հնում խորհըրդավոր ազդեցություն է ունեցել շրջակա բնակչության վրա: Այն եղել է հայ ժողովրդի պաշտամունքի լեռը, որի շուրջ հյուսվել են բազմաթիվ զրույցներ ու առասպելներ: Ըստ հնագույն ժողովրդական մի զրույցի՝ Մասյաց վիհում շղթայված է հայոց ահեղ թագավոր Արտավազդը, որն իր հավատարիմ գամփռների օգնությամբ ջանում է ազատվել կապանքներից և տիրել աշխարհին:
Մասիսի գիտական ուսումնասիրման գործում մեծ է ֆրանսիացի բնախույզ Պիթոն դե Տուրնըֆորի դերը: Բացառիկ բույսեր գտնելու և ուսումնասիրելու նպատակով 1701 թ-ի օգոստոսին նա բարձրացել է մինչև հավերժական ձյան սահմանը, նկարագրել է լեռան ֆիզիկական հատկություններն ու բուսական աշխարհը: Մասիսի գագաթն առաջինը բարձրացել են Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը 1829 թ-ի սեպտեմբերին՝ 2 գյուղացու և 2 ռուս զինվորականների ուղեկցությամբ: Այնուհետև տասնյակ արշավախմբեր են հասել Մասիսի գագաթը, կատարել զանազան ուսումնասիրություններ, որոնց մեջ իր արժանի ավանդն ունի գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հ. Աբիխի արշավախումբը (1845 թ-ի հուլիսի 29). նրա կազմում էին նաև թարգմանիչ Պ. Շարոյանը և 2 այլ հայեր:
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Մեծ Մասիսի գագաթին են հասել ՀՀ լեռնագնացների մի խումբ (Ա. Աղաբաբյան, Գ. Տատուրյան, Հ. Տոնոյան, Ա. Մայիլյան): 

 Ընդհանուր առմամբ Արարատը հարուստ է պատմական հուշարձաններով, հին բնակատեղիներով, գերեզմանատներով և այլն: Հիշատակման է արժանի հայկական քրիստոնեական առաջին տաճարներից Ցոլակերտը (մեզ չի հաջողվել որևէ հետք գտնել Ցոլակերտից), Կորհանի ամրոցն ու ավերված եկեղեցին, Ակոռիի գերեզմանատունը, արևմտյան լանջին պահպանված կիկլոպյան դարաշրջանի բնակատեղին և ուշ շրջանի գերեզմանատունը բազմաթիվ խաչքարերով, Սիս լեռան ստորոտից ոչ հեռու գտնվող խաչքարերը և այլն:
Բազում ուղևորությունների և վերելքների ժամանակ մենք փորձում ենք գտնել և կիսվել հայկական ծագում ունեցող որևէ առարկայի, գերեզմանատան, ամրոցների, եկեղեցիների, բնակատեղիների և այլնի մասին ինֆորմացիայով:
 Հետևեք մեզ նաև մեր ֆայսբուքյան խմբում` https://www.facebook.com/groups/Arevi/
Ֆայսբուքյան էջում. https://www.facebook.com/AreviTrekHigher